
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանն այսօր ասել է, որ Հայաստանում առաջիկա տարիներին գյուղատնտեսության ապահովագրության ինստիտուտ կներդրվի:
Այս մասին փոխնախարարն ասել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ` ներկայացնելով ոլորտի հիմնախնդիրները, ձեռքբերումներն ու անելիքները:
«Հաշվի առնելով գյուղապահովագրության ներդրման դժվարությունները` մենք շուրջ 2 տարի աշխատել ենք գերմանական KfW բանկի հետ: Արդյունքում, 2017թ. սկսելու ենք համապատասխան պիլոտային ծրագրի մշակումը: Նախնական համաձայնություններով` այն ֆինանսավորվելու է KfW-ի եւ ՀՀ կառավարության միջոցների հաշվին»,- ընդգծել է փոխնախարարը:
Արմեն Հարությունյանի խոսքով` ծրագիրն ուղղված է լինելու շահութաբեր տնտեսությունների ապահովագրությանը: Առաջին փուլում համատարած գյուղատնտեսական հաշվառման արդյունքների հիման վրա տարբերակվելու են փոքր, միջին եւ խոշոր տնտեսությունները, ըստ այս կատեգորիաների էլ որոշվելու են սուբսիդավորման ձեւաչափերը:
Ապահովագրությունն իրականացվելու է 5 հիմնական գյուղատնտեսական ռիսկերից. այս պահի քննարկվում է կարկտահարության, ցրտահարության, երաշտի, հողմի եւ ջրհեղեղի դեմ ապահովագրությունը:
Քննարկման գործընթացում է նաեւ այն հարցը, թե որ մշակաբույսերի համար են մշակվելու ապահովագրական պրոդուկտները: Փոխնախարարի պնդմամբ` միանշանակ ներառված է լինելու ծիրանը:
Պիլոտային ծրագրի շուրջ աշխատանքներն իրականացվելու են KfW-ի, ՀՀ Կենտրոնական բանկի եւ գյուղնախարարության համատեղ ուժերով:
Ապահովագրությունն իրականացվելու է հետեւյալ սխեմայով` մշակվելու է ապահովագրական գործիք, որը վաճառվելու է ապահովագրական ընկերությունների կողմից: Վերջիններս վերաապահովագրելու են իրենց ռիսկերը: Լինելու է նաեւ միջնորդ կառույց, որը գնահատելու է ապահովագրական դեպքերի հետեւանքով առաջացած կորուստերը:
Միաժամանակ, գործիքը մշակվելու է այնպես, որ ապահովագրական ընկերության համար լինի գրավիչ, գյուղացու համար` մատչելի, իսկ տարբերությունը սուբսիդավորվելու է:
Ծրագիրը սկզբում լինելու է պիլոտային, նախապատրաստական աշխատանքները, այդ թվում` օրենսդրական, նախատեսվում են հաջորդ տարի. հնարավոր է` 2017թ. վերջին սկսվի բուն ապահովագրության ծրագրի մի փոքր մասը:
Անդրադառնալով գյուղոլորտում տարբեր դոնորների կողմից տրամադրվող դրամաշնորհներին՝ փոխնախարարը նշել է, որ առկա է շահառուների իրազեկման խնդիր:
Արմեն Հարությունյանն ընդգծել է, որ հաջորդ տարվա ծրագրով նախատեսվում է ստեղծել էլեկտրոնային շտեմարան, որտեղ կներկայացվի դրամաշնորհների եւ ֆինանսավորման այլ ծրագրերի մասին ամբողջ տեղեկատվությունը:
Սկզբնաղբյուրը՝ http://www.banks.am/am/news/newsfeed/13008/
The material is copyrighted and protected by law



