Իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը խորհրդարանում փոփոխություններ է նախաձեռնել դրամաշնորհների մասին օրենքում, ըստ որի՝ Վրաստանի քաղաքացին կամ հանրապետությունում գործող կազմակերպությունը չի կարողանա դրամաշնորհներ ստանալ առանց կառավարության նախնական համաձայնության։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Վրացական երազանք» խմբակցության նախագահի առաջին տեղակալ Իրակլի Կիրցխալիան։«Քանի որ դրամաշնորհն իր բնույթով ստացողին անվճար փոխանցվող միջոց է, պետության ինքնիշխանությունն ու անվտանգությունն ամրապնդելու համար կարևոր է կիրառել Վրաստանի կառավարության կամ նրա կողմից նշանակված լիազորված անձի կամ մարմնի համաձայնության կանոնը»,-նշել է նա։Քաղաքական գործիչն ընդգծել է, որ դրամաշնորհների տրամադրման նոր կանոնը չի տարածվելու արտերկրում ուսման կամ գիտական գործունեության համար հատկացվող գումարների, ինչպես նաև մարզական ասոցիացիաների վրա։ Օրենքը նախատեսվում է ընդունել արագացված կարգով։Կիրցխալիայի խոսքով՝ Վրաստանի կառավարությանն առընթեր հակակոռուպցիոն բյուրոն կվերահսկի դրամաշնորհների հատկացումը։ Եթե անձը կամ կազմակերպությունն արտերկրից գումար ստանան առանց վրացական իշխանությունների թույլտվության, ապա կտուգանվեն դրամաշնորհի կրկնակի չափով։
Материал защищен авторским правом и охраняется законом



