jkjhkjhkj

03-04-2019 15:33 2130

Մեկնարկել է «Իմ ֆինանսների ամիս» ծրագիրը (ԻՖԱ 2019): Ծրագիրն այս տարի կներկայանա «Գտե'ք Ձեր քարտեզը ֆինանսական աշխարհում» նշանաբանի ներքո: Սպառողների համար կկազմակերպվեն բազմաբնույթ եւ հետաքրքիր միջոցառումներ:

ԻՖԱ 2019 ծրագրի նպատակն է տարբեր տեղեկատվական և ինտերակտիվ միջոցառումների միջոցով զինել սպառողներին անձնական ֆինանսների արդյունավետ կառավարման գիտելիքով: Այս տարի կլինին ինչպես նախորդ տարիներից «Ժառանգություն» ստացած և պահանջված, այնպես էլ նոր ծրագրեր՝

  • «Ֆինշաբթի» - ծրագրով հետաքրքրվողները հնարավորություն կունենան մասնակցելու առաջատար մասնագետների կողմից անցկացվող սեմինարներին այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են. Ընտանեկան բիզնես, Սահմանափակ ռեսուրսներով առավելագույն եկամտի ստացում, Ժամկետանց վարկերի չափման գործակիցներ, Ֆինանսական ոլորտում իրավունքների և շահերի պաշտպանություն
  • Ֆինանսական շրջագայություն ավտոբուսով - ծրագրի մասնակիցները կշրջեն երկհարկնի կարմիր ավտոբուսով և յուրաքանչյուր այցելության ժամանակ կհյուրընկալեն 3 ֆինանսական կառույցներ, առաջին ձեռքից տեղեկատվություն կստանան և մասնագետներին կուղղեն իրենց հարցերը:
  • Ֆինանսատնտեսագիտական խաղ մրցույթ (Brain-Ring) – դպրոցականների ամենասիրելի ծրագրերից մեկը ընդգրկում է հանրապետության բոլոր մարզերը: Մրցույթի կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլերի ընթացքում մարզերի ներկայացուցիչ թիմերը կմրցեն միմյանց հետ՝ վաստակելու ֆինանսատնտեսագիտական ոլորտում ամենագիտակ թիմի կոչումը:
  • Բաց դռների օր կենսաթոշակային կառավարիչների մոտ – Նրանք, ովքեր ցանկանում են ավելի լավ պատկերացնել Կենսաթոշակային համակարգը, սովորել վերահսկել իրենց կենսաթոշակային հաշիվը, ինչպես նաև ստանալ հետաքրքրող հարցերի սպառիչ պատասխաններ, կարող են այցելել ֆոնդերի կառավարիչներին:
  • Մրցույթներ – այս տարի ամենահարուստ էլեկտրոնային հանրագիտարանը՝ Վիքիպեդիան, կհամալրվի անձնական ֆինանսների վերաբերյալ հայկական հոդվածներով. վարկ, փաստացի տոկոսադրույք, կապիտալ, կապիտալի շուկա, արժեթուղթ և այլ կարևոր թեմաները կունենան իրեն վիքի հոդվածները: Իսկ 5-ից 12 տարեկանները կմրցեն իրենց նկարչական հմտություններով «Ինչու՞ եմ ես խնայում» թեմայի ներքո:
  • Փողի միջազգային շաբաթ – Համագործակցելով «Երեխաների և երիտասարդների միջազգային ֆինանսների» կազմակերպության հետ շուրջ 14 մարզային և երևանյան դպրոցներում կազմակերպվել են անձնական ֆինանսների ինտեգրման դասընթացներ:

Ընդհանուր առմամբ ԻՖԱ 2019 ընթացքում իրականացվելու է 5 շրջագայություն, 13 սեմինար, 2 մրցույթ, 4 բաց դռների օր, 1 ֆինանսատնտեսագիտական խաղ-մրցույթ:

Կազմակերպիչները տեղեկացնում են, որ տեղերը սահմանափակ են եւ միջոցառումների գրանցման համար պետք է այցելել www.abcfinance.am կայք: ՀՀ ԿԲ խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը ընդգծել է ծրագրի կարևորությունը՝ նշելով որ «ԻՖԱ 2019» ծրագրի միջոցառումները ուղղված են լինելու ֆինանսական նոր գիտելիքի և հմտությունների զարգացմանը հետևյալ 7 թեմաներով՝ տնտեսական կարևոր ցուցանիշներ, անձնական բյուջեյի կառավարում, խնայողություն, պարտք, գնումներ, իրավունքների պաշտպանություն, զեղծարարություններ և խարդախություններ:

Կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության նախադպրոցական և միջնակարգ կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Սյուզաննա Մակյանը և ՀՀ կենտրոնական բանկի՝ սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի ղեկավար Արմենուհի Մկրտչյանը մանրամասն անդրադարձել են ծրագրի շրջանակում իրականացվող միջոցառումներն, ինչպես նաև ներկայացրել «Ֆինանսական կրթությունը դպրոցում» ծրագրի հաջողությունները և հետագա զարգացումները: Ինչպես տեղեկացնում են՝ 2018 թ-ի ընթացքում վերապատրաստվել են 346 դպրոցների 2532 ուսուցիչներ, ինչի շնորհիվ դպրոցականները 4 առարկաների ուսումնական ծրագրի շրջանակում ձեռք կբերեն նաև անձնական ֆինանսներին վերաբերվող հմտություններ. աշակերտները սովորում են խնայել թեկուզ ծորակի ջուրը բաց չթողնելու միջոցով, կարողանում են հաշվարկել ավանդի և վարկի տոկոսադրույքները, պատրաստ լինլ պաշտպանելու իրենց և իրենց հարազատների իրավունքները նաև ֆինանսների աշխարհում և այլն: Այդ 4 առարկաներն են՝ «Ես և շրջակա աշխարհը», «Մաթեմատիկա», «Հանրահաշիվ» և «Հասարակագիտություն»:

Նշենք, որ ԻՖԱ 2019 ծրագրի գործընկերներն են Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը, Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը, Հայաստանի բանկերի միությունը, Երևանի Քաղաքապետարանը, AMC Հայաստանի ֆոնդային բորսա, Կենտրոնական Դեպոզիտարիան, Հայաստանի պատանեկան նվաճումները, Վիքիմեդիա Հայաստան գիտակրթական ՀԿ-ն մի շարք առևտրային բանկեր, վարկային կազմակերպություններ, ապահովագրական ընկերություններ, կենսաթոշակային ֆոնդի կառավարիչներ և հասարակական կազմակերպություններ:

ԻՖԱ 2019 Ծրագրի և ծրագրի մասնակցության վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն առկա է www.abcfinance.am կայքում, ինչպես նաև համանուն facebook-յան և Instagram-յան էջերում:

Материал защищен авторским правом и охраняется законом

Наиболее читаемые публикации