2018-2019 թվականին առաջնային խնդիրն էր հասկանալ բանակցային գործընթացը իր բոլոր մանրամասներով, խնդիրներով և հնարավորություններով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ազգային ժողովի՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովի նիստին այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ 2018-19 թվականներին հանրությանը մանրամասն չէր ներկայացնում բանակցային գործընթացը։
Վարչապետը լեգիտիմ է համարում հարցը, նշելով, որ ինքն իրեն բազմիցս այդ հարցը տվել է։
«Երբ հարց է հնչում, թե ինչո՞ւ ամբողջական չի ասվել 2019 թվականին, առաջանում է ևս մի քանի հարց՝ որո՞նք էին լինելու այդ ասելիքի հետևանքները և արդյունքները, ո՞րն էր լինելու հաջորդ քայլը այդ ասելիքը հրապարակելուց հետո, այդ պոտենցիալ ասելիքի և անելիքի հետ ես ինքս ինչքանո՞վ էի ներդաշնակ։ Այդ ասելիքի հետևանքը լինելու էր պատերա՞զմ, թե՞ խաղաղություն, որովհետև այդ ասելիքը ընթացող բանակցային գործընթացի կամ գոյություն ունեցող բանակցային գործընթացի ամբողջ բովանդակությունը հրապարակային բացելն էր։
Ուրիշ բան է՝ տեսնել, թե ինչ է իրողությունը, ուրիշ բան է ներդաշնակվել այդ իրողության հետ կամ այդ իրողությունը որդեգրել որպես քաղաքականություն։ Ես համարում եմ, որ այս հարցը լեգիտիմ է, ես ինքս ինձ այդ նույն հարցը շատ հաճախ եմ տալիս։
Այսօր էլ այդ իրողության հետ ներդաշնակ չեմ, բայց նաև ժամանակի ընթացքում եկել եմ այն եզրակացության, որ այս ամենի մասին պետք է բարձրաձայնվի»,- ասաց Փաշինյանը
Материал защищен авторским правом и охраняется законом



