jkjhkjhkj

30-11--0001 04:00 1642

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն, քննարկել Հայաստանի էներգետիկ քաղաքականությանը, էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչև 2036 թվականը) զարգացման ռազմավարությանը, ենթակառուցվածքների արդիականացմանը, ներդրումային ծրագրերի իրականացմանը, հանքարդյունաբերության ոլորտին առնչվող մի շարք հարցեր:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ Կառավարության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը կարևորել է էներգետիկ անվտանգության բարձրացման ուղղությամբ հետևողական ծրագրերի իրականացումը, տարածաշրջանային համագործակցության զարգացումը, էներգառեսուրսների արտահանման ծավալների ավելացումը:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը նշել է, որ արդեն իսկ գույքագրվել է չգազիֆիկացված համայնքների ցանկը. ՀՀ-ում կա նման 329 համայնք՝ 150 հազար բնակչությամբ, որը կազմում է երկրի բնակչության մոտ հինգ տոկոսը:

Նախարարությունը նախատեսում է մինչև ընթացիկ տարվա հուլիսի մեկը յուրաքանչյուր համայնքի հետ կապված ներկայացնել կոնկրետ առաջարկություններ. գործընկեր կառույցների հետ քննարկվում է համայնքների մի մասը գազիֆիկացնելու հնարավորությունը, իսկ գերակշիռ մասի համար դիտարկվում են այլընտրանքային լուծումներ:

Անդրադառնալով ընդերքօգտագործման ոլորտում տրամադրված լիցենզիաների գույքագրման վերաբերյալ վարչապետի հանձնարարականի կատարմանը՝ Մանուկյանը նշել է, որ տրամադրված լինցենզիաների թիվը կազմում է 463, դրանցից 196-ի դեպքում արտադրական աշխատանքներ չեն կատարվում, 51-ի ժամկետները լրացել են, 28 մետաղական հանքերից գործում են ընդամենը 8-ը: Նախարարն ընդգծել է, որ նշված խնդրի և ընդհանրապես հանքարդյունաբերության ոլորտի հետագա զարգացման ուղղությամբ ևս կառավարությանը կներկայացվեն հստակ առաջարկություններ:

Խոսելով Հայկական ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման և մասնակի արդիականացման ծրագրի մասին՝ Աշոտ Մանուկյանն ասել է, որ աշխատանքների 2/3-րդը մոտենում են ավարտին: Նախատեսված 205 մլն դոլարի փոխարեն ծախսվել է 136 մլն դոլար, խնայողությունը կազմել է 34 տոկոս: Մայիսի 10-ից ատոմակայանի գործունեությունը կկանգնեցվի 60 օրով՝ ծրագրերը շարունակելու նպատակով:

Վարչապետն, անդրադառնալով էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչև 2036 թվականը) զարգացման ռազմավարությանը, հանձնարարել է այն վերջնական տեսքի բերելիս հաշվի առնել էներգետիկայի դիվերսիֆիկացման, այլընտրանքային էներգետիկայի հնարավորությունները, այլ էներգառեսուրսներից կախվածության մակարդակը, տարածաշրջանային ծրագրերը, սակագների կանխատեսելիությունը և նշել, որ այդ ամենը կարևոր է ներդրումների ներգրավման առումով: Զեկուցվել է, որ ընթացիկ տարում ակնկալվում է էլեկտրաէներգիայի արտահանման 20-25 տոկոսի աճ: Աշխատանքներ են տարվում արտահանման ծավալներն ավելացնելու ուղղությամբ: Աշխատանքներ են տարվում առաջիկա տարիներին ԵԱՏՄ էլեկտրաէներգետիկական շուկա դուրս գալու ուղղությամբ: Առաջիկայում կառավարությանը կներկայացվի էներգետիկայի ոլորտի շուկայի ազատականացման ծրագիրը:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր