
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը Ծաղկաձորում մասնակցել է հուլիսի 26-ից 28-ը մեկնարկած «Ընթացիկ բարեփոխումները և հաջորդող քայլերը. պետական եկամուտների վարչարարության բարելավման ճանապարհային քարտեզ» թեմայով աշխատանքային հանդիպմանը:
Կոմիտեի ղեկավարը կարևորել է բոլոր հարկ վճարողների կողմից ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հարկային պարտավորությունները ողջ ծավալով և ժամանակին հայտարարագրելն ու կատարելը:
ՊԵԿ նախագահը նշել է, որ կոմիտեն հաջողությամբ իրագործել է կառավարության ծրագրով հարկային և մաքսային մարմիններին վերապահված բարեփոխումների առաջին փուլի արդյունքները. ընթացքի մեջ է բարեփոխումների երկրորդ փուլը, որի արդյունքներն արդեն տեսանելի են:
Հարկային ստուգումներն առավել հասցեական և արդյունավետ դարձնելու նպատակով վերանայվել են հարկ վճարողների ռիսկայնության աստիճանը գնահատող չափանիշները, գործարկվել է մոնիթորինգային կենտրոնը: Ստվերային շրջանառության կրճատման ու կանխարգելման միջոցառումների շրջանակում ներդրվել է «ստվերի անձնագիրը»: Վարդան Հարությունյանի դիտարկմամբ՝ ՊԵԿ-ի նախաձեռնած միջոցառումներն առավելապես ուղղված են մեր երկրում ներդրումային միջավայրի բարելավման նպատակով հարկային գործիքակազմի ընդլայնմանը, մաքսային ընթացակարգերի պարզեցմանը, ստվերի դեմ պայքարին և օրինապահ հարկ վճարողների համար տնտեսական խթանների ընդլայնմանը:
Կոմիտեի ղեկավարը կարևորել է պետական, հասարակական և միջազգային կառույցների ակտիվ մասնակցությունը բարեփոխումների գործընթացին և ընդգծել, որ համատեղ ջանքերով պետք է հասնել էական արդյունքի, ակնկալելով նաև միջազգային հաջողված փորձի ներդրումը Հայաստանում:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



