
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզի և համայնքների զարգացման ծրագրերի ընթացքը, կատարված աշխատանքներն ու անելիքները:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ներկայացնելով մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը և մակրոտնտեսական ցուցանիշները` Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը նշել է, որ տարվա ընթացքում հաջողվել է հիմնականում ապահովել մարզպետարանի աշխատանքային ծրագրով և մարզի 2014-2017թթ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի տարեկան աշխատանքային պլանով նախատեսված միջոցառումների կատարումը: Անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվել մարզի 72 համայնքներին` զարգացման ծրագրերի մշակման և ընդունման գործընթացում:
Սյունիոի մարզում 2016 թվականին երկու փուլով իրականացվել են վարչատարածքային փոփոխություններ, որոնց արդյունքում ձևավորվել են 5 խոշորացված համայնքներ՝ Տաթև, Գորիս, Տեղ, Մեղրի և Գորայք: 2017-ին կազմավորվել է 3 նոր համայնք՝ Կապան, Քաջարան և Սիսիան կենտրոններով, որոնց մեջ ներառվելու է 67 համայնք: Վահե Հակոբյանի խոսքով՝ մարզի համայնքների 2017թ. բյուջեներով նախատեսվել են մոտ 4.7 մլրդ դրամ եկամուտներ, այդ թվում սեփական եկամուտներ` մոտ 1.6 մլրդ. դրամ։
Վեցամսյա ժամանակահատվածում նախատեսված 614.7 մլն դրամի դիմաց սեփական եկամուտների փաստացի հավաքագրումը կազմել է 697.5 մլն դրամ, կամ նախատեսվածի 113.5 տոկոսը։ 2016թ. նույն ժամանակաշրջանի համեմատ հավաքագրվել է 10.2 մլն դրամով ավելի գումար, սեփական եկամուտների աճը կազմել է 17.2 տոկոս։ Նախորդ տարվա ընթացքում մարզում իրականացվել են շուրջ 6.9 մլրդ դրամի համաշինարարական աշխատանքներ, որոնց 23.8 տոկոսը կատարվել է պետական բյուջեի, իսկ 76.2 տոկոսը՝ ֆինանսավորման այլ աղբյուրների հաշվին:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



