
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ ՀՀ Արմավիրի մարզում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզի և համայնքների զարգացման ծրագրերի ընթացքը, աշխատանքներն ու անելիքները:
Ներկայացնելով մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը և հիմնական ցուցանիշները` Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նշել է, որ հանրապետության ՀՆԱ ցուցանիշում մարզի մասնաբաժինը 2015-2016 թթ. կազմել է 5-6 տոկոս: Համախառն գյուղատնտեսական արտադրանքի ծավալը կազմում է 167 մլրդ դրամ: Գյուղատնտեսությամբ զբաղվում են 48002 գյուղացիական և ֆերմերային տնտեսություն, գյուղմթերքների վերամշակմամբ և արտադրությամբ՝ 34 կազմակերպություն: Արմավիրի մարզից կառավարություն է ներկայացված ներդրումային ծրագրերից 11-ը գյուղատնտեսության ոլորտին են վերաբերում: ՀՀ վարչապետի աջակցությամբ Լեռնամերձ համայնքում տեղադրվել են արևային կայաններ, աշխատանք է տարվում մարզի չգազիֆիկացված 9 համայնքում ևս արևային կայաններ տեղադրելու համար դոնորներ գտնելու ուղղությամբ:
Վարչապետ Կարեն Կարապետյանը նշել է, որ Արմավիրի մարզը գյուղատնտեսական համախառն արտադրանքի մեկ շնչին բաժին ընկնող մասով լավագույն ցուցանիշն ունեցող մարզերից է: Կառավարության ղեկավարի հարցին ի պատասխան՝ նշվել է, որ մարզի առավելություններն են ընդհանուր առմամբ զարգացած գյուղատնտեսությունը և մայրաքաղաքին մոտ լինելու հանգամանքը, իսկ թույլ կողմն արդյունաբերական ճյուղի զարգացածվածության, գյուղատնտեսության մեքենայացման, ինտենսիվ գյուղատնտեսության տարածվածության ցածր մակարդակն է:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



