
«EU-Assia Business Financing Center» հոլդինգը շահագրգռված է «Նաիրիտ» գործարանի տեխնիկական աուդիտի անցկացմամբ:
Ինչպես հայտնել է «Նաիրիտ»-ի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը, այդ նպատակով հոլդինգի ներկայացուցիչները պատրաստել են «Փոխըմբռնման հուշագիր»՝ փաստաթուղթ, որը շուտով կներկայացնեն ՀՀ կառավարությանը:
Իսրայելյանի խոսքով, գործարանի վերագործարկման համար համապատասխան փաստաթուղթ պատրաստելու մասին պայմանավորվածություն ձեռք է բերվել հոլդինգի ներկայացուցիչների՝ ՀՀ կառավարությունում նախորդ հանդիպման շրջանակներում: «Ձեռնարկության վերականգնման համար անհրաժեշտ գումարի առնչությամբ ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի հետ մեր հանդիպման ընթացքում հստակեցում չկար: Սպասում ենք հուշագրի ստորագրմանը, ինչը թույլ կտա անցկացնել տեխնիկական աուդիտ, որից հետո արդեն կարելի է ավելի ստույգ խոսել գործարանի վերագործարկման գումարների ու ժամկետների մասին»,- պարզաբանել է նա:
Միաժամանակ «Նաիրիտ»-ի նախկին ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանի կառավարության հետ բանակցություններ են տարվում արդեն մեկ տարուց ավել: «Մեկ տարի առաջ հատուկ «Նաիրիտի» վերականգնման ծրագրի մշակման և իրականացման նպատակով ստեղծված հոլդինգը դրա մոտավոր արժեքը գնահատել է $70-100 մլն, և գործարանը կարելի էր վերագործարկել մեկուկես տարի անց: Սակայն, մեր բանակցություններից հետո գործարանը սնանկ հայտարարվեց, նշանակվեց հատուկ կառավարիչ, և մեկ տարում շատ բան փոխվեց: Մեզ հայտնի են որոշ սարքավորման օտարման դեպքեր, այդ պատճառով տեխնիկական աուդիտն այսօր խիստ անհրաժեշտ է»,- ասել է նա:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



