30-11--0001 04:00
1578

Նա իր մշակած բացառիկ մեթոդով համտեսել է տեղական գինին՝ բարձր գնահատելով հայկական գինիների յուրահատուկ համը և խաղողի որակը:
«Հայաստանն ինձ համար հետաքրքիր երկիր է, քանի որ այն գինու ծննդավայրերից մեկն է՝ հարուստ ավանդույթներով և պատմությամբ: Հայկական գինիները միջազգային շուկայում կարող են ուրույն տեղ զբաղեցնել՝ շնորհիվ խաղողի տեղածին սորտերից պատրաստվող տեսակների»,-նշել է սոմելյեն:
Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը կարևորել է նմանատիպ միջոցառումների անցկացումը հայկական գինիների ճանաչելիությունը բարձրացնելու գործում. «Աշխարհահռչակ սոմելյեների դրական գնահատականները այցեքարտ կդառնան մեր գինիների համար՝ առավել մրցունակ լինելու և նոր շուկաներ մուտք գործելու տեսանկյունից: Հիմնադրամը պատրաստակամ է աջակցել այն նախաձեռնություններին, որոնք ուղղված են հայկական գինիների վարկանիշը բարձրացնելուն և նոր շուկաներ մուտք գործելու հնարավորությունների բացահայտմանը»:
Արմեն Մեհրաբյանի խոսքով՝ ներկայում մարդիկ փորձում են վերադառնալ դեպի արմատները և վերականգնել հայկական կենցաղում առողջ սնվելու և գինի ըմպելու երբեմնի տարածված ավանդույթը: «Գինու մշակույթը նույնպես վերածնունդ է ապրում, ինչի աջակցմանը և ուղղված է սոմելյեին հրավիրելու մեր նախաձեռնությունը,»- հավելել է նա:
TOVMASYAN EFB ընկերության հիմնադիր Վարդուհի Թովմասյանն արդեն մի քանի տարի է արտահանում է հայկական գինիները եվրոպական շուկա և ընդգծում է, որ դրանց նկատմամբ հետաքրքրությունը տարեցտարի ավելի մեծանում է: Սպառողը փնտրում է նորություն. արտադրանք, որը թեև նոր է, բայց հետաքրքիր պատմություն ունի, իսկ սա հենց հայկական գինիների մասին է. «Մենք ունենք գինեգործական հարուստ պատմություն, խաղողի էնդեմիկ տեսակներ, որոնցով կարող ենք մրցունակ դիրքեր զբաղեցնել եվրոպական շուկայում: Մեզ համար մեծ առավելություն է նաև հայկական սփյուռքը, որն իրազեկման տեսանկյունից մեծ դեր է խաղում այդ շուկաներում»:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



