
Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ մի շարք փոփոխություններ են կատարվել մաքսային ձևակերպումների գործընթացում:
Մասնավորապես, ներդրվել է մաքսային ձևակերպումների իրականացման վայրի տեղորոշման նոր մեխանիզմ, ինչն, ըստ ՊԵԿ Արարատյան մաքսատուն-վարչության պետ Արմեն Սարգսյանի, թույլ է տալիս ամբողջ գործընթացն իրականացնել ոչ միայն օրենսդրությամբ նախատեսված հատուկ վայրում, այլև ցանկացած այլ մաքսային մարմնում. «Եթե Երևանում հաշվառված կազմակերպության համար մաքսային հայտարարագրի ներկայացման վայր է հանդիսանում Արարատյան մաքսատուն-վարչությունը, ապա նոր մեխանիզմը թույլ է տալիս հայտարարագիրը գրանցել այդ մաքսատանը, սակայն հսկողական բոլոր գործողություններն իրականացնել, օրինակ, Բագրատաշենի կամ Մեղրիի մաքսային-կետ բաժիններում»:
Նոր համակարգն արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողներին թույլ կտա բարձր արդյունավետությամբ և ժամանակի տնտեսմամբ կազմակերպել իրենց աշխատանքը:
Արմեն Սարգսյանի տեղեկացմամբ՝ Արարատյան մաքսատուն-վարչությունում նոր մոտեցում է կիրառվում նաև ֆիզիկական անձանց ծառայությունների մատուցման գործում. «Քաղաքացիների անձնական օգտագործման ապրանքները հայտարարագրելու համար այլևս մաքսային բրոքերի վճարովի ծառայությունների անհրաժեշտություն չկա, քանի որ այն մաքսատանն արդեն անվճար է մատուցվում»:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



