
Հոկտեմբերի վերջին օրն աշխարհի տարբեր երկրներում նշվում է Խնայողությունների համաշխարհային օրը։ Չնայած իր անսովոր անվանմանը, այդ տոնը պաշտոնական է։ 1989 թ.–ին այն ամրագրվել է ՄԱԿ–ի հատուկ դիրեկտիվով։
Խնայողությունների օրվա հիմնադրման պատմությունը կապված է 1924 թ.–ին Միլանում կայացած խնայողական բանկերի առաջին միջազգային կոնգրեսի հետ, որին մասնակցեցին աշխարհի 29 երկրների բանկերի ներկայացուցիչներ։ Կոնգրեսի շրջանակում քննարկվել են ֆինանսավարկային ոլորտին վերաբերող տարբեր հարցեր։ Սակայն ամենագլխավոր իրադարձությունը տեղի ունեցավ կոնգրեսի վերջին օրը` հոկտեմբերի 31–ին, երբ ի հիշատակ այդ միջոցառման` որոշվեց հիմնել նոր տոն` «Խնայողությունների համաշխարհային օրը» և նշել այն հենց այդ օրը։
Հայաստանում խնայողությունների օրը սկսել են տոնել 2012 թ.–ից։ Այսօր այս առիթով Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը, Հայաստանի բանկերի միությունը և Կենտրոնական բանկը կազմակերպել էին միջոցառում:
Հայաստանի Պետական տնտեսագիտական համալսարանում տեղի է ունեցել օրվա խորհրդին նվիրված հանդիպում, որին մասնակցել են համալսարանի ուսանողները եւ պրոֆեսորա-դասախոսական կազմը։
Հանդիպման հիմնական բանախոսը ՀՀ Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության վարչության իրական հատվածի վերլուծությունների բաժնի պետ Նարեկ Ղազարյանն էր, ով ներկայացրել է «Խնայողությունների ազդեցությունը երկարաժամկետ տնտեսական աճի վրա» շնորհանդեսը։ Շնորհանդեսի նպատակն էր ապագա տնտեսագետներին ներկայացնել խնայողությունների և տնեսական աճի կապը։
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



