
Պետական եկամուտների կոմիտեում կառուցվածքային փոփոխությունների արդյունքում տարածքային հարկային տեսչությունների սպասարկման սրահների աշխատանքի կազմակերպումը կառավարման տարածքային մոդելից փոխվել է գործառութայինի: Այսուհետև տնտեսվարողներին մատուցվող ծառայությունները համակարգում է հարկ վճարողների սպասարկման վարչությունը: Փոփոխության նպատակը հարկ վճարողների սպասարկման արդյունավետ կառավարման ապահովումն է, կոռուպցիոն ռիսկերի նվազեցումը և հովանավորչության բացառումը: Արդյունքում վարչության սպասարկման սրահներ այցելած հարկ վճարողները սպասարկվում են «մեկ պատուհան» սկզբունքով և հերթերի կառավարման համակարգի միջոցով: Մեկ այցելությամբ նրանք ստանում են անհրաժեշտ փաստաթղթերը կամ պահանջվող տեղեկատվությունը: Ընդ որում, կրճատվել է հարկային մարմնի ստորաբաժանումների միջև հարկ վճարողներին վերաբերող որոշ գործընթացների ապահովման ժամանակահատվածը:
«ՀՀ կառավարության 2016թ. թիվ 224-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 514-Ն որոշման համաձայն կազմավորված վարչությունը բաղկացած է 21 բաժնից, որից 20-ն իրականացնում են շուրջ 225 000 հարկ վճարողների սպասարկման գործառույթ, իսկ 21-րդ բաժինը՝ ակցիզային դրոշմանիշերի և դրոշմապիտակների պատվիրման, ստացման, պահպանման, տրամադրման ու ոչնչացման գործառույթ: Վարչությունն ընդունում է հարկ վճարողների կողմից ներկայացված հաշվարկները, հաշվետվությունները, հայտարարագրերը, դիմումները, հայտարարությունները, կատարում է գրանցում և մուտքագրում տեղեկատվական բազա, տրամադրում տեղեկանքներ, փաստաթղթեր և այլ տեղեկատվություն: Աշխատակցի անմիջական միջամտությամբ հաշվառվում են պարտավորությունները, իսկ հարկ վճարողներն իրազեկվում են իրենց իրավունքների, պարտականությունների ու դրանց փոփոխությունների մասին: Վարչությունը ՀՀ ռեզիդենտի կարգավիճակը հաստատող և ոչ ռեզիդենտի վճարած հարկերի մասին տեղեկանք է տրամադրում և համագործակցում պետական կառավարման, իրավապահ, դատական ու տեղական ինքնակառավարման մարմինների, ՊԵԿ ստորաբաժանումների հետ:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



