
Հայաստանի և Վրաստանի մրցակցային մարմինների համագործակցությունը կդրվի նոր հիմքի վրա
Տնտեսական մրցակցության ոլորտում երկկողմանիորեն հավասար և փոխշահավետ համագործակցություն ստեղծելու նպատակով, ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը և Վրաստանի մրցակցային գործակալությունը այսօր ստորագրեցին Փոխըմբռնման հուշագիր:
Հուշագիրը ստորագրել են ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը և Վրաստանի մրցակցային գործակալության նախագահ Նոդար Խադուրին:
Երկու երկրների մրցակցային մարմինների ղեկավարները կարևորել են մրցակցային բարենպաստ միջավայրի որոշիչ դերը՝ տնտեսության զարգացման գործում: Նրանք նախանշել են այն հիմնական ուղղությունները, որոնք առաջիկա տարիներին նոր համագործակցության հիմք են հանդիսանալու:
ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը նշել է, որ հայ-վրացական առևտրատնտեսական հարաբերությունները մշտապես զարգացել են ակտիվ և դինամիկ. «Այսօր մեր երկրում գործում են վրացական կապիտալի մասնակցությամբ ավելի քան 300 ընկերություններ: Ի ուրախություն մեզ, բավականին մեծ է նաև հայկական ընկերությունների ներկայացվածությունը Վրաստանում, իսկ հատկապես վերջին տարիներին նոր ընկերությունների մուտքը առանձնակի ավելացել է: Այդ իսկ պատճառով այսօր մենք առանձնակի կարևորում ենք բարենպաստ տնտեսական միջավայրի զարգացումը՝ փոխադարձ մրցակցային հավասար և բարեխիղճ պայմանների առկայությամբ»:
Ա. Շաբոյանն իր խոսքում նշել է նաև, որ այն հանգամանքը, որ երկու երկրները գտնվում են միևնույն տարածաշրջանում և ունեն խորը տնտեսական կապեր, հնարավորություն կտա այս կամ այն ապրանքային շուկայում իրականացնել ուսումնասիրություններ, դիտանցումներ, անհրաժեշտության դեպքում նաև վարույթներ, իսկ մրցակցային մարմինների միջև անհրաժեշտ տեղեկատվության փոխանակումը կլինի ավելի օպերատիվ և արդյունավետ. «Քանի որ Հայաստան ներմուծվող ապրանքների զգալի մասը ներկրվում է հենց Վրաստանի տարածքով, ապա մեզ համար շատ կարևոր է սոցիալական նշանակության մի շարք շուկաներում գնագոյացման վերաբերյալ օպերատիվ տեղեկատվության ստացումը՝ գերիշխող ապրանքային շուկաներում ուսումնասիրություններ իրականացնելու նպատակով»:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



