
«Յունիբանկ» ԲԲԸ-ի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում ամփոփվեցին 2017թ.-ին բանկի աշխատանքի արդյունքները և ներկայացվեցին զարգացման հետագա ծրագրերը: Հաշվետու տարում բանկի ակտիվներն աճել են գրեթե 9.5% և կազմել 202.7 մլրդ ՀՀ դրամ, իսկ պարտավորությունները, աճելով 11%-ով, գերազանցել են 167.4 մլրդ ՀՀ դրամը: Բանկի ընդհանուր կապիտալը կազմել է ավելի քան 35.4 մլրդ ՀՀ դրամ: Բանկի վարկային ներդրումների ծավալն աճել է 14%` գերազանցելով 135 մլրդ ՀՀ դրամ:
2017թ.-ին Յունիբանկում մեծ աշխատանք է տարվել սպասարկման որակի և մատուցվող ծառայությունների բարելավման ուղղությամբ: Արդյունքում Յունիբանկն առաջատար դիրքեր զբաղեցրեց մանրածախ շուկայում` օրական տրամադրելով ավելի քան 1 000 վարկ: Այսօր բանկն ունի 360 000 հաճախորդ և 173 բաժնետեր:
«Հաշվետու տարում Յունիբանկն ապահովեց աճի բարձր տեմպ գործունեության բոլոր հիմնական ուղղություններով: Յունիբանկի համար ակտիվների ռեկորդային ցուցանիշը հնարավոր եղավ ապահովել վարկավորման ծավալների ընդլայնման, պորտֆելի դիվերսիֆիկացման և ռիսկերի կառավարման համակարգի բարելավման շնորհիվ: Բանկի ակտիվների որակի բարելավումը գնահատեց նաև Moody’s գործակալությունը և բարձրացրեց Յունիբանկի վարկանիշը մինչև B2 մակարդակի` կայուն կանխատեսմամբ: Այսօր բանկն ունի 360 000 հաճախորդ և 173 բաժնետեր, որոնք Յունիբանկն ընդունում են որպես վստահելի և հուսալի գործընկեր», - իր ելույթում նշեց Յունիբանկի Խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյանը:
2018թ.-ին ևս Յունիբանկը շարունակել է ակտիվ տեմպերով աճը և գերակատարել բիզնես-պլանը: Առաջին եռամսյակում Յունիբանկն ապահովել է ավելի քան 472 մլն ՀՀ դրամի շահույթ, ինչն էապես կնպաստի բանկի ներդրումային գրավչության բարձրացմանը:
«Յունիբանկի զարգացման ռազմավարության շրջանակներում 2020թ.-ին մենք նախատեսում ենք ապահովել արդեն իսկ 4 մլրդ ՀՀ դրամի շահույթ, ինչպես նաև` բանկի ակտիվների զգալի աճ: Մասնավորապես բանկի մանրածախ վարկավորման գծով շուկայի մասնաբաժինը կհասնի մինչեւ 13%-ի, ապառիկ վարկավորման գծով` մինչև 40%-ի, իսկ կորպորատիվ վարկավորման գծով` մինչև 10%-ի: Նախատեսում ենք նաև բանկային քարտերի քանակի ավելացում` տարեկան 80.000-ից մինչև 100.000 հատի», - նշեց Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



