Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն ու Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն շրջայց են կատարել Նոր Գեղի և Նոր Արտամետ համայնքների այգիներում և ջերմոցային տնտեսություններում՝ մարզում ինտենսիվ այգեգործության պոտենցիալն ուսումնասիրելու նպատակով:
Ջերմոցային տնտեսություններում հիդրոպոնիկ եղանակով աճեցվում է լոլիկ, վարունգ և ելակ, այգիներում՝ խնձոր: Այգեգործները ներկայացրել են իրավիճակը, հնարավորությունները, խնդիրներն ու մարտահրավերները:
«Ոռոգման ջրի հետ կապված խնդրին ես ծանոթ եմ. դա պայմանավորված է ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում առկա թերացումներով: Վստահեցնում եմ, որ հաջորդ տարի խնդիրը վերջնականապես լուծված կլինի»,- ասել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:
Արթուր Խաչատրյանն էլ այգեգործներին անմիջական խորհրդատվություն է տրամադրել գյուղատնտեսության ոլորտում առկա ֆինանսական հնարավորությունների, նոր տեխնոլոգիաների՝ մասնավորապես կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման և արդյունավետության մասին: Մինչև 2025թ. ինտենսիվ գյուղատնտեսության ոլորտում հասանելի կլինեն նոր ծրագրեր, որոնցով հնարավորություն կլինի ստանալ ֆինանսական միջոցներ՝ ցածր տոկոսադրույքներով և պետության կողմից՝ բարձր սուբսիդավորմամբ:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով


