Զանգվածային լրատվամիջոցներով տարածվել է տեղեկատվություն այն մասին, թե այս օրերին Հայաստանի գյուղմթերքի շուկայում հայտնվել է մեծ քանակությամբ ձմերուկ, որը, հնարավոր է, ունի ադրբեջանական ծագում, հայտնում են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
«Տեղեկացնում ենք, որ ս/թ հուլիս-օգոստոս ամիսներին ՀՀ տարածք ձմերուկ ներմուծվել է բացառապես Վրաստանից և Ռուսաստանից, ընդհանուր՝ 1327 տոննա, որից 781 տոննան ներմուծվել է միայն վերջին մեկ շաբաթվա ընթացքում:
Հավելենք, որ ներմուծված խմբաքանակի հիմնական ծավալը բաժին է ընկնում Ռուսաստանին` 1327-ից 1217 տոննան, որն ավելի քան տասն անգամ գերազանցում է Վրաստանից ներմուծման ծավալը (110 տոննա):
Երկու երկրներից ներմուծված ձմերուկների համար տրամադրված ուղեկցող փաստաթղթերը հավաստում են, որ վերջիններս ունեն ռուսական և վրացական ծագում», - նշվում է հաղորդագրությունում:
Շրջայցերի ընթացքում ևս փաստվել է, որ իրացման ցանցում ձմերուկները վաճառվում են որպես ռուսական (Աստրախանի ձմերուկ): Թեև ոչ բոլոր դեպքերում է առկա մակնշում, ինչը բուսական ծագման մթերքի համար պարտադիր չէ, այդուհանդերձ իրացնողները տեղեկացրել են, որ ձմերուկն Աստրախանից է:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով


