Պաշտոնական այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունն հանդիպել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշի հետ:
ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ հայ-չեխական համագործակցության օրակարգում կարևոր տեղ է զբաղեցնում նաև Հայաստան-ԵՄ փոխգործակցությունը: Արա Բաբլոյանի խոսքով` Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նոր էջ է բացել Հայաստանի ու Եվրոպական միության հարաբերություններում:
Խոսելով հայ-չեխական տնտեսական կապերի մասին` Արա Բաբլոյանը գոհունակություն է հայտնել վերջին տարիների ընթացքում այդ հարաբերությունների ամրապնդման կապակցությամբ` միաժամանակ նշելով, որ ներուժը դեռ սպառված չէ:
Խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանն ակնկալում է չեխ գործարարների կողմից ուղղակի ներդրումներ Հայաստանի տնտեսությունում:
ՀՀ Ազգային ժողովի նախագահը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարության փոփոխությունից հետո արդեն իսկ նշանակված է տնտեսական հարցերով երկկողմ միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմից համանախագահը և տարվում են հանձնաժողովի չորրորդ նիստի նախապատրաստական աշխատանքները:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով


