«Մենք ընդարձակ բարեփոխումներ պետք է իրականացնենք, դրանք չպետք է լինեն հապշտապ, ափալ-թափալ, չմտածված», - այսօր կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես կարծում եմ, որ մենք պետք է արձանագրենք բարեփոխումների մեր մեթոդաբանությունը՝ հաշվի առնելով Հայաստանում առկա քաղաքական իրողությունները: Ընդհանրապես ընդունված է ասել, որ բարեփոխումները, այսպես ասած, ցավոտ գործընթաց են, ես կարծում եմ, որ այս տրամաբանությունից պետք է հրաժարվենք, որովհետև բարեփոխումների մեր ալգորիթմը պետք է լինի ընդարձակ երկխոսությունը հանրության հետ, համաձայնության հաստատումը այս կամ այն բարեփոխումների ուղղությամբ: Եթե բարեփոխումներ իրականացնելու համար ունենք բավարար փաստարկներ, ապա այդ նույն փաստարկներով պետք է ներկայանալ հանրությանը»,-նշեց վարչապետը:
Անդրադառնալով հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթին, վարչապետն ասաց, որ այս հարցով ևս պետք է հաջորդ շաբաթվանից երկխոսություն սկսել հանրության հետ. «Մենք ընդարձակ բարեփոխումներ պետք է իրականացնենք, դրանք չպետք է լինեն հապշտապ, «ափալ-թափալ», չմտածված, դրանք պետք է ուղիղ և օրգանական կապ ունենան մեր ազգային շահերի, առաջադրված խնդիրների և Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա հեղափոխության առաջադրած խնդիրների հետ»,- հայտարարեց Փաշինյանը:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով


