
Բելառուսական «Բելգազպրոմբանկը» որոշել է միանալ Ռուսաստանի Բանկի Ֆինանսական հաղորդագրությունների փոխանցման համակարգին (ՖՀՓՀ), հայտնում է РИА Новости-ն հղում անելով Բելառուսի բանկի մամուլի քարտուղար Սերգեյ Սկլյարովին:
««Բելգազպրոմբանկը»՝ ունենալով բելառուսական և ռուսական համատեղ բանկի կարգավիճակ, ակտիվորեն ներգրավված է Եվրասիական տնտեսական միության ինտեգրացիոն գործընթացներում: Հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության հետ արտաքին առևտրային գործառնությունների աճող ծավալները, բանկը որոշել է միանալ Ռուսաստանի Բանկի Ֆինանսական հաղորդագրությունների փոխանցման համակարգին» - ասել է բանկի ներկայացուցիչը:
Նա ընդգծել է, որ բանկը մտադիր է այս համակարգին միանալ «ֆինանսական տեղեկատվության փոխանցման ուղիների դիվերսիֆիկացման, միջազգային վճարումների հետ կապված ծախսերի օպտիմալացման նպատակով»:
«Բանկը շահագրգռված է նաև նոր տեխնոլոգիաների կիրառմամբ` ֆինանսական հաղորդագրությունների փոխանցման գործընթացը կազմակերպելու համար», - հավելել է Սկլյարովը:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



