
Իրանի դատական իշխանության ղեկավար այաթոլլա Արդեշիր Ամոլի Լարիջանին հայտարարել է, որ Թեհրանը չի համաձայնվի այն պայմանների հետ, որոնք առաջ են քաշվել իսլամական հանրապետության հետ ֆինանսական գործարքների գործունեության մեխանիզմի մեկնարկի համար եվրոպացիների կողմից: Նա մեխանիզմն անվանել է «ոչ լիարժեք», իսկ դրա գործարկման պայմանները «ստորացուցիչ».
Հիշեցնենք, որ հունվարին Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի կառավարությունները գրանցել են INSTEX ընկերությունը (Instrument in Support of Trade Exchanges-Առևտրական հաշվարկների աջակցման գործիք) Միացյալ Նահանգների պատժամիջոցների շրջանցմամբ Իրանի հետ եվրոպական երկրների առևտրական հարաբերություններին օժանդակելու համար:
«9 ամիս տևած բանակցություններից հետո եվրոպացիները ստեղծել են մեխանիզմ, որը սահմանափակ հնարավորություններ ունի ոչ թե դրամական փոխանակման, այլ սպառողական ապրանքների և դեղորայքի համար»,— Լարիջանիի խոսքերը մեջբերում է Tasnim գործակալությունը:
Նա մանրամասնել է, որ ԵՄ-ն սահմանել է «արտառոց պայմաններ»՝ մեխանիզմի իրագործման համար: Թեհրանը պետք է միանա փողերի լվացման դեմ պայքարի միջկառավարական կազմակերպությանը և բանակցությունների մեջ մտնի իր հրթիռային ծրագրի շուրջ:
«Այդ երկրները պետք է իմանան, որ Իրանը ոչ մի դեպքում չի ընդունի այդ ստորացուցիչ պայմանները»,— ընդգծել է նա:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



